Բելառուսում մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել խոշոր կաշառքներ ստանալու համար

17:19 • 07.06.18

Բելառուսում մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել խոշոր կաշառքներ ստանալու համար: Այդ մասին հայտարարել է երկրի պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոսքը մի պաշտոնատար անձի, փաստի, քրեական գործի մասին չէ»,- ընդգծել է նա:

Խոսելով ձերբակալվածների մասին՝ Վակուլչիկը հաստատել է, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են:

«Բայց այստեղ կարևոր է գուցե ոչ թե մակարդակը, այլ մասշտաբները… Մեծ կաշառքներ են»,- հավելել է Պետանվտանգության կոմիտեի ղեկավարը:

Նա չի նշել ձերբակալվածների անունները և պաշտոնները՝ խոստանալով ավելի ուշ տրամադրել ամբողջ տեղեկատվությունը:

«Փաստացիորեն, մենք այսօրվա դրությամբ ունենք բազմաթիվ փաստեր, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ են կազմում»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնոյի մարզի հարցերով տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, որը ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին, կալանավորվել է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում: 

Ռովնեյկոն ձերբակալվել է հանցանքի վայրում 200 հազար դոլար կաշառք ստանալու ժամանակ: Պաշտոնյան կասկածվում է դրամաշորթության և բիզնեսի ու «իր լիազորությունների մեջ մտնող հարցերի լուծման համար» տարբեր կոմերցիոն կառույցներից կաշառք ստանալու համար: