Պետք էր կապիտալը պահել Ռուսաստանում. Պուտինն` օտարերկրյա ակտիվների հետ խնդիրներ ունեցող գործարարներին
Եկամուտներն անհրաժեշտ էր պահել Ռուսաստանում, և դրանք հարկավոր էր ուղղել ռուսական տնտեսության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում՝ պատասխանելով Արևմուտքում ռուսաստանաբնակ գործարարների ակտիվների սառեցման մասին մտավախությունների հարցին:
Պուտինին հարցրել են, թե ինչ նա կարող է խորհուրդ տալ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնցից է, օրինակ, Ռոման Աբրամովիչը:
«Ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասին. ես արդեն ասել եմ մի քանի տարի առաջ, այժմ բառացի չեմ կրկնի: Ես զգուշացնում էի, որ իրադարձությունների նման զարգացումը, որին մենք այսօր բախվում ենք, հնարավոր է լինելու: Եվ, այդ մասին նախազգուշացնելով, խորհուրդ եմ տվել մեր բիզնեսին կապիտալները պահել հայրենիքում, պահել այնտեղ, որտեղ դրանք վաստակել են, դրանք օգտագործել ռուսական տնտեսության համար»,- ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական կառավարությունն օգնում է ձեռնարկություններին, որոնց գործունեությունն առաջնահերթ է համարում:










