ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր իսկ գործընկերների նկատմամբ, նրանք, ինչ է, Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել. Պուտին (ուղիղ միացում, թարմացված, տարբերակ 5)

13:00 • 07.06.18

15.26

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի ձևաչափով ռուսաստանցիների հետ շփման ժամանակ անդրադարձել է միջազգային հանրության հետ Ռուսաստանի հարաբերություններին, մասնավորապես՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանմանը:


Պուտինը, պատասխանելով լրագրողի՝ «ինչո՞ւ աշխարհում չեն ցանկանում լսել Մոսկվայի ձայնը» հարցադրմանը, ասել է. «Դա Ռուսաստանին զսպելու միջոց է: Ինչի համար է դա արվո՞ւմ. տեսնում են, որ Ռուսաստանը մրցակից է դառնում»:


ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքը սխալ քաղաքականություն է վարում:


«Համագործակցությունը կհանգեցներ ամբողջ աշխարհում տնտեսական աճի, և արևմտյան գործընկերները սկսում են դա հասկանալ»,-հավելել է ՌԴ նախագահը:


Հայտնի է, որ Պուտինի հետ ուղիղ տեսակապի շրջանակում ստացվել է ավելի քան 2.3 մլն հարց:

 

15.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր գործընկերների նկատմամբ՝ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում:


«Ոչ միայն Եվրոպայի, այլև Կանադայի, Մեքսիկայի համար պողպատի և ալյումինի մաքսատուրքերի սահմանումն, ըստ էության, պատժամիջոց է: Պարզապես այլ կերպ են ձևակերպվել: Իսկ ինչի՞ համար: Նրանք, ինչ է, «Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել», ինչպես ասում են մեր գործընկերները: Դա կապված է Միացյալ Նահանգների պրագմատիկ ազգային շահերի հետ»,- ասել է ՌԴ նախագահը:


Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանելու:

 
 
Հունիսի 1-ին ԵՄ-ն վիճարկել է ԱՄՆ-ի որոշումն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: 

 

 

 

 

14.38 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը բռնել է տնտեսության չնայած և փոքր, բայց կայուն աճի ուղին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում:

«Առաջին հերթին, մենք բռնել ենք տնտեսության կայուն աճի ուղին: Անցած տարվա ընթացքում մեկուկես տոկոս: Աճում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Կայուն: Եվ այդ ամենը կայուն միտում է ստացել: Մենք պատմական նվազագույն ցուցանիշ ունենք գնաճի առնչությամբ: Դա շատ կարևոր նախապայման է հետագա աճի համար: Եվ այդ ամենը ներդրումների արագացված աճի ֆոնին: Անցած տարվա ընթացքում՝ 4,4 տոկոս: Դա շատ լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ առաջիկա հեռանկարում աճը նույնպես երաշխավորված է»,- հայտարարել է նա:

 

13.58 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բենզինի գների աճն էներգառեսուրսների ոլորտում սխալ կարգավորման հետևանք է: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում՝ պատասխանելով վերջին շրջանում վառելիքի գների մասին հարցին:


Նա նշել է, որ կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել խնդիրը լուծելու համար և հավելել է, որ գների բարձրացումն անթույլատրելի է:


«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, անթույլատրելի է, սխալ է, բայց պետք է ընդունել, որ դա էներգետիկ ոլորտում սխալ կարգավորման հետևանք է»,- նշել է Պուտինը:


ՌԴ նախագահը հայտարարել է, որ նվազեցվել են բենզինի և դիզելային վառելիքի ակցիզները և որոշում է կայացվել չեղարկել ակցիզների բարձրացումը, իսկ աշնանը միջոցներ կկիրառվեն շուկայում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Նա կոչ է արել կառավարությանը և Հակամենաշնորհային ծառայությանը հետևել գործընթացին:


Վլադիմիր Պուտինը, բացի այդ, իրավիճակը պարզելու համար զանգահարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին: Պաշտոնյան հաստատել է, որ գների աճը կանգնեցվել է:


«Կառավարությունն ընդունել է միջոցներ, որոնք աշխատում են և դրական ազդեցություն են թողնում»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ բենզինի գների աճը բողոքի ցույցեր էր առաջացրեել ՌԴ մի շարք շրջաններում։

 

13.00 Մեկնարկել է ուղիղ կապի ձևաչափով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 16-րդ շփումը ռուսաստանցիների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» ամսաթվի մասին հայտարարվել էր մայիսի 27-ին: Անցած օրերի ընթացքում ՌԴ բնակիչներից ստացվել է ավելի քան 1,7 միլիոն հարց:


Այս կապի ընթացքում ՌԴ նախագահը կարող է միանգամից կապվել նահանգապետերի ու կառավարության անդամների հետ։


Ավանդական հեռուստատեսային ուղիղ կապերը հայտնվել են դեռ Պուտինի առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Առաջինը կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 24-ին: Այդ ժամանակ Պուտինը ստացել է 400 հազար հարց։ Չնայած նրան, որ եթերը ձգվել է մոտ 2,5 ժամ՝ նախատեսվածից մեկ ժամ ավելի, նրան հաջողվել է պատասխանել ընդհանուր 46 հարցի: ՌԴ նախագահը խոստացել է ռուսներին, որ կշարունակի ուղիղ եթերով պատասխանել բնակիչների հարցերին: 2002 թվականին երկրորդ ուղիղ կապի ժամանակ ռուսները ՌԴ նախագահին արդեն մոտ 1,5 միլիոն հարց են ուղղել: