ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր գործընկերների նկատմամբ, նրանք, ինչ է, Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել. Պուտին

15:15 • 07.06.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր գործընկերների նկատմամբ՝ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի բնակիչների հետ «ուղիղ կապի» ընթացքում:

«Ոչ միայն Եվրոպայի, այլև Կանադայի, Մեքսիկայի համար պողպատի և ալյումինի մաքսատուրքերի սահմանումն, ըստ էության, պատժամիջոց է: Պարզապես այլ կերպ են ձևակերպվել: Իսկ ինչի՞ համար: Նրանք, ինչ է, «Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել», ինչպես ասում են մեր գործընկերները: Դա կապված է Միացյալ Նահանգների պրագմատիկ ազգային շահերի հետ»,- ասել է ՌԴ նախագահը:

Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանելու: Հունիսի 1-ին ԵՄ-ն վիճարկել է ԱՄՆ-ի որոշումն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: