Հանրապետության տարածքում այսօր մեկնարկում են միասնական քննությունները
Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասել է, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ:
«Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ»,- ասել է Պարսամյանը:
Նա հավելել է, որ միասնական քննությունների արդյունքների մասին դիմորդները կարող են տեղեկանալ քննությունը հանձնելուց հինգ օր հետո, դիմորդը հնարավորություն ունի նաև բողոքարկել արդյունքները: «Դիմորդը կարող է քննությունից անմիջապես հետո իր հետ վերցնել իր գրավորի պատճենը: Քննության ավարտից կես ժամ հետո ԳԹԿ կայքում տեղադրվում են ճիշտ պատասխանները և դիմորդը կարող է նախնական պատկերացում կազմել իր արդյունքի մասին»,-տեղեկացրել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը: Երևանում հունիսի 8-ին կգործի միայն մեկ քննական կենտրոն՝ տեղակայված Երևանի համար 190 դպրոցում:
Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 12-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Հունիսի 15-ին կանցկացվի «Ֆիզիկա», հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններ: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաների քննությունները հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը հունիսի 27-ին:










