Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

21:44 • 08.06.18

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչվելու են նաև Boeing և Airbus ավիաընկերություններին:

Օբամայի վարչակազմի օրոք 2015-ին պատժամիջոցների վերացումից հետո Boeing-ը պայմանագիր էր կնքել Iran Air ավիաընկերության հետ 80 ինքնաթիռ մատակարարելու համար, ինչպես նաև 30 օդանավի մատակարարման գործարք էր կնքվել Aseman Airlines-ի հետ: Գնային առումով գործարքների արժեքը կազմում էր 20 մլրդ դոլար:

Դեպի Երևան չվերթները դադարեցնող ավիաընկերություններից մեկը, ըստ շրջանառվող լուրերի, հենց Aseman Airlines-ն է:

 

ՀեղինակԱնի Օհանյան