Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից

11:44 • 08.06.18

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրեց Վահրամ Շահինյանին Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է Վահրամ Շահինյանին ազատել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 6-ին:

«Հպարտ լինելով ծառայության նշված և մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար»,- հայտնել էր ՀՔԾ արդեն նախկին պետը: