Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ներկայում հնարավոր չէ․ Շվեդիայի ԱԳՆ

15:01 • 08.06.18

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը շվեդական SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է երկրի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին։

Լրագրողը նախարարին հարց է ուղղել «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների պես ազգային փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման» մասին, ինչին ի պատասխան Վալստրյոմը նշել է, որ այժմ դա հնարավոր չէ, սակայն չի բացառել հետագայում հարցի քննարկումը։

«Մենք չենք բացառում ապագայում ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, սակայն ներկայում դա հնարավոր չէ», - նշել է շվեդ նախարարը։

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Հայոց ցեղասպանության՝ այդ երկրի կառավարության կողմից ընդունումը, սակայն, մինչ օրս վիճելի հարց է համարվում։