Ֆիլիպիններում տղամարդը ողջ է մնացել իր գլխի վրայով բեռնատարի անցնելուց հետո (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 08.06.18

Ֆիլիպինների Քեյնտա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ոչ միայն ականատեսների, այլ նաև համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, հաղորդում է Metro-ն:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է սկուտերով ընթացող տղամարդն անցնում նեղ ճանապարհով: Նրա առջևով բեռնատար է անցնում, և տղամարդը որոշում է առաջ անցնել՝ քշելով բեռնատարի ու եզրագծի արանքով:

Ինչպես կարելի է տեսնել ճանապարհով երթևեկող ավտոմեքենայից նկարահանված տեսանյութում՝ տղամարդու սկուտերի անիվը քսվում է եզրագծին, և նա ընկնում է բեռնատարի տակ: Բեռնատարի վարորդը չի հասցնում արգելակել և հետևի անիվներով անցնում է սկուտերի վարորդի գլխի վրայով:

Բարեբախտաբար, տուժածի գլխին սաղավարտ է եղել, որն էլ պաշտպանել է նրան՝ փրկելով մահից: Որոշ ժամանակ անց տղամարդը կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել, իսկ մյուս վարորդներն օգնության են հասել ու շտապօգնություն կանչել: