Բրազիլիայում նորածինը հրաշքով ողջ է մնացել 8 ժամ հողի տակ անցկացնելուց հետո (տեսանյութ)

11:22 • 08.06.18

Բրազիլիայի Կանարանա քաղաքում նորածին աղջիկը հրաշքով ողջ է մնացել՝ ընտանիքի անդամների կողմից սխալմամբ մեռած համարվելուց ու որպես «հանգուցյալ» հողի տակ 8 ժամ անցկացնելուց հետո:

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, փոքրիկն իր փրկության համար պարտական է երկու ոստիկանի, որոնք գետնի տակից լսել են տարօրինակ ձայն ու որոշել հողը փորել՝ ձայնի աղբյուրը գտնելու համար: Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ նրանք հայտնաբերել են երեխայի:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանները հողը փորել են առանց գործիքների՝ ձեռքերով: Նրանք մի քանի րոպեում գտել են նորածնին, քանի որ ընտանիքի անդամները երեխային հուղարկավորելու համար խոր փոս չէին փորել: Նշվում է, որ փոքրիկը գտնվել է 50 սմ խորության վրա:

«Նա ողջ է, պետք է շտապօգնություն կանչել»,- բղավել է ոստիկաններից մեկը: Ավելի ուշ երեխային հետազոտելուց հետո պարզվել է, որ նա որևէ լուրջ խնդիր չունի:

Մինչդեռ ոստիկանությունը հայտնաբերել է փոքրիկի մորը՝ 15-ամյա աղջկան, որը ծննդաբերել էր տանը: Դեռահաս մոր խոսքով՝ երեխան ծնվել է ժամանակից շուտ ու լույս աշխարհ գալուց գլխով ընկել է լոգասենյակի հատակին՝ ուժեղ հարված ստանալով: Երբ երեխան ճիչ կամ լացի ձայն չի արձակել, 15-ամյա աղջկա տատը որոշել է, որ փոքրիկը մահացած է: Ուստի՝ նա փաթաթել է երեխային կտորով ու թաղել հողում:

Նշվում է, որ 57-ամյա կինը ձերբակալվել է: