Մադուրոն Ամերիկյան պետությունների կազմակերպությունից երկրի դուրս գալու օրը տոնական է անվանել

12:58 • 08.06.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2019 թվականի ապրիլի 27-ը տոնական օր է հռչակել՝ Ամերիկյան պետությունների կազմակերպությունից երկրի դուրս գալու առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մադուրոն դեռ 2017 թվականի ապրիլին գործարկել է պանամերիկյան կազմակերպությունից Վենեսուելայի դուրս գալու գործընթացը: Նա պահանջում էր կազմակերպությունից իր երկրի անհապաղ դուրս գալը, սակայն այդ գործընթացը երկու տարի է տևում:

«Այժմ հայտարարում եմ, որ ապրիլի 27-ը կլինի տոնական օր, որովհետև այդ օրը մենք դուրս ենք գալիս Ամերիկյան պետությունների կազմակերպությունից»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:


Նա խոստացել է նաև այդ իրադարձության առթիվ զանգվածային փողոցային ակցիաներ անցկացնել: