Մադրիդյան սկզբունքներում մեկ կետ անգամ չկա, որը վերաբերում է ՀՀ-ին, այդ մասին պետք է հիշեցնել համանախագահներին․ Մ. Սարգսյանը՝ ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին

22:35 • 08.06.18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներն Արցախի հիմնախնդրի մասով շատ տրամաբանական են, նա ճիշտ քաղաքականություն է որդեգրել: Tert.am-ի հետ զրույցում վերլուծելով վարչապետի խոսքերը, թե ինքը իրավասու չէ Արցախի անունից բանակցություններում հանդես գալու, քանի որ ինքը չէ Արցախի ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավար, այսպիսի դիտարկում արեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Բացի դրանից, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի իշխանությունների ընտրության գործընթացին, այլ ունի սեփական իշխանություն, կան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքներ, որտեղ մեկ կետ անգամ չկա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը: Այն վերաբերում է միայն Արցախի և Ադրբեջանի Հանրապետություններին»,- նշեց նա՝ նշելով, որ հայկական կողմը պետք է հիշատակի այդ մասին:

Հայաստանի դեպքում, Մանվել Սարգսյանի նկատառմամբ, խնդիրները ԼՂ կարգավորման գործընթացում այլ են․ քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է, բավականին շատ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի հետ իր հարաբերություններում:

«Ըստ այդմ՝ Հայաստանը բանակցություններում մասնակցում է Ադրբեջանի հետ ունեցած իր խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Այս իրավիճակում, Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի փաստարկները թույլ են հնչելու: «Ո՛չ համանախագահները, ո՛չ էլ Ադրբեջանը դեռ իրենց ասելիքը չեն ներկայացրել: Թող ասեն, թե ինչն է հայկական կողմի առաջարկի մեջ սխալը: Իրենք որևէ փաստարկ չունեն, պարզապես սպառնալիքներով են խոսում, ուրեմն իրենց հետ խոսելու որևէ թեմա չկա»,- ասաց նա:

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն էլ, որոնցով Ալիևը ՀՀ նոր իշխանություններին կոչ է արել «իրական քայլեր» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Մանվել Սարգսյանը դատարկաբանություն որակեց:

«Պետք է ներկայացվի՝ ըստ Մադրիդյան սկզբունքների՝ ովքեր պետք է բանակցեն: Հետաքրքիր է, թե ինչու պետք է համանախագահները դա չընդունեն: Ռուսաստանի արտգործնախարարն ասաց՝ եթե կողմերը համաձայնություն ձեռք բերեն, իրենք չեն խոչընդոտի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Ուրիշ ի՞նչ պետք է անեն»,- ասաց նա:

Ադրբեջանին ստիպելու և երկխոսության սեղան բերելու համար, Մանվել Սարգսյանի խոսքով, հայկական կողմը պետք է ներկայացնի կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

«Կառուցողական բանակցությունը սկսվում է դրանից, երբ պարզ ու հստակ դրվում են բոլոր կողմերի իրավունքներն ու պատասխանատվությունը: Եթե Ադրբեջանը դա չի ընդունում, ուրեմն չի ուզում բանակցային գործընթաց: Չեն ուզում, թող բանակցություններ չլինեն: Դատարկ բանակցությունները շատ վտանգավոր բան են»,- նկատեց նա՝ հավելելով, որ եթե մենք չենք քննարկում Մադրիդյան սկզբունքները, ապա ո՞վ պետք է անի դա:

Եղած մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է սրել իրավիճակը սահմանում, քաղաքագետը արձագանքեց՝ «պանիկյորներ» միշտ էլ լինում են: «Հայաստանում 25 տարի է՝ սարսափածների բանակ է ձևավորվել: Ի՞նչ կապ ունի դա, բանակցային գործընթացի հիման վրա չէ՞ր Ապրիլյան պատերազմը, զինվորների սպանությունը: Նման դիտարկումները շատ վերացարկված են: Հիմա մենք ունենք հստակ դիրքորոշում»,- ասաց նա:

Ադրբեջանը հիմա փակուղում է հայտնվել: Մանվել Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պե՛տք է նման քաղաքականություն վարի՝ Ադրբեջանին փակուղում դնելու համար: «Նախկին իշխանությունները, ցավոք, անսկզբունքային քաղաքականություն էին վարում: Անգամ որոշումներն ընդունում, վերջացնում էին, հետո հետ էին կանգնում դրանցից: Հիմա կան Վիեննայում ընդունված որոշումներ, իրականացրեք, նստեք, ըստ ձեր լիազորությունների բանակցեք»,- հորդորեց Մանվել Սարգսյանը:

Նա նաև խորհուրդ տվեց այսօրվա Հայաստանի իշխանություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում սպասվող Հայաստան այցի ժամանակ պարտավորեցվեն, որ կատարվեն իրենց՝ ժամանակին առաջարկած սկզբունքները:

«Պետք է ասել՝ վեր կացեք, գնացեք Բաքու, ինչպես կարող եք համոզեք: Եթե չեք կարող, ձեր գործն է, և ուրեմն իմաստ չունի բանակցելը,- ասաց նա՝ նկատելով նաև, որ, իհարկե Նիկոլ Փաշինյանը չի փորձի վերջնագրերով խոսել համանախագահների հետ, - նա նորմալ բացատրում է: Տարիներ շարունակ նույնիսկ համանախագահները սպառնալիքով էին խոսում, ասում էին՝ այսպես պետք է անենք, այլապես կռիվ է լինելու: Որևէ փաստարկ չկար: Որքան ժամանակ է՝ լռել ենք: Հիմա մենք բացատրում ենք մարդկանց, եթե ուզում եք խնդիրը լուծվի, եկեք այս ճանապարհով գնանք»: