Թրամփը Մեյին համեմատել է ուսուցչուհու հետ ու հրաժարվել նրա հետ հանդիպել G7-ի շրջանակում. լրատվամիջոցներ

09:30 • 08.06.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկկողմ հանդիպում չեն անցկացնի կանադական Քվեբեկում կայանալիք «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, ինչը պայմանավորված է ամերիկացի ղեկավարի՝ Մեյի նկատմամբ ունեցած անձնական հակակրանքով:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցչին հղումով:

Թրամփի շրջապատում աղբյուրները մանրամասնել են, որ ԱՄՆ նախագահը հոգնել է Մեյի՝ ուսուցչին բնորոշ վարվելաձևից:

«Նա իրեն դպրոցական ուսուցչի պես է պահում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրա հետ լավ հարաբերությունների մեջ է»,-նշել է ավելի վաղ կայացած Թրամփ-Մեյ հանդիպումներին ներկա եղած աղբյուրներից մեկը:

Հայտնի է, որ քաղաքական գործիչների հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Թրամփին բարկացրել է Մեյի մոտեցումը, երբ նա հարցերի ընդհանուր քննարկման ժամանակ միանգամից խորացել է քաղաքական դետալների մեջ:

Բացի այդ, ԱՄՆ նախագահին դուր չի գալիս այն փաստը, որ Մեյն անընդհատ ինչ-որ խնդրանքներով է դիմում՝ կարծես փորձելով օգուտ ստանալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններից:

Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակ»-ի հանդիպումը կմեկնարկի հունիսի 8-ին ու կտևի 2 օր: