Ավստրալիայում ալպինիստուհին ընկել է սարից ու 6 օր ապրել առանց սննդի
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում փրկել են հարավկորեացի ալպինիստուհուն, որն ընկել է սարից ու 6 օր ապրել առանց սննդի ու սարքավորման: Միջադեպին անդրադարձել է Brisbane Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 25-ամյա Չժուհի Հանը որոշել է միայնակ մագլցել Քվինսլենդի հյուսիսում գտնվող Տայսոն լեռը: Նա մտադիր էր հասնել լեռան մոտ մինչև հունիսի մեկը, իսկ դրանից մի օր առաջ սուպերմարկետ է մտել լեռան մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում: Այդ պահից ի վեր նրան ոչ ոք չի տեսել, և հունիսի 6-ին աղջկա ընկերները ոստիկանություն են դիմել՝ հայտնելով նրա անհետանալու մասին:
Նշվում է, որ Հանի որոնումներին մասնակցել են քաղաքացիական ու ռազմական ուղղաթիռներ, ներգրավվել է 20 զինծառայող, 14 կամավոր փրկարար, ինչպես նաև՝ ոստիկաններ ու Քվինսլենդի պարկերի ու վայրի բնության պահպանման ծառայությունների աշխատակիցներ:
Զինծառայողների ու ոստիկանների խումբը մեկնել է այն վայր, որտեղ հունիսի 2-ին ճիչեր են լսել, ու հայտնաբերել աղջկան դժվարհասանելի կիրճում:
Պարզվել է, որ Հանը մագլցել է լեռը, սակայն ընկել է ու կորցրել գիտակցությունը: Աղջիկը մացառուտի միջով սողալով հասել է ջրվեժով կիրճի մոտ, որտեղ 6 օր օգնության է սպասել՝ առանց սննդի ու տաք հագուստի:
Փրկարարներին չի հաջողվել մոտենալ Հանին, և նրան հանել են կիրճից ուղղաթիռով: Հատկանշական է, որ աղջկա մոտ ընդամենը ջրազրկում ու աննշան վնասվածքներ են եղել, այնինչ երբ, մասնագետների գնահատականի համաձայն, այս պայմաններում ողջ մնալը գրեթե անհնար է:










