Ուկրաինայի մի խումբ պատգամավորներ դիմել են Ազգային անվտանգության խորհրդին՝ Օդեսան «կորցնելու» պատճառով
Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորների խումբը դիմել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին՝ խնդրելով Օդեսայում իրավիճակի առնչությամբ նիստ անցկացնել: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է պատգամավոր Իգոր Լուցենկոն:
Լուցենկոյի խոսքով՝ Օդեսայում ուկրաինամետ ակտիվիստներն ահաբեկումների են ենթարկվում, և դրա ծավալներն «աննախադեպ մասշտաբների են հասել»:
«Մենք կորցնում ենք Օդեսան նույն սցենարով, ինչ Դոնբասը»,- գրել է պատգամավորը:
Օդեսայում 2014 թվականի մայիսի 2-ին բախումներ էին տեղի ունեցել դաշնայնացման և կենտրոնացման կողմնակիցների միջև, ինչի հետևանքով զոհվել է 48 մարդ։ Գործի հետաքննությունը շարունակվում է։










