Ոստիկանությունն այլևս լուսաձայնային նռնակներ չի կիրառելու խաղաղ ցուցարարների դեմ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ոստիկանությունն այլևս չի օգտագործելու լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ, ցույց ցրելու համար չեն կիրառվելու, դրանք կօգտագործվեն միայն քրեական տարրերի վնասազերծման համար: Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Երեկ հանդիպում եմ ունեցել ոստիկանապետի՝ Վալերիյ Օսիպյանի հետ, և երկար քննարկումներից հետո եկել ենք եզրահանգման, որ լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվելու ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ 2008 թ. մարտի մեկին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:
Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամներ Խորենացի փողոցում, Բաղրամյան պողոտայում այդ նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով շատ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն ունեն: «Վերջերս՝ ամսի 16-ին, Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կրկին կիրառեց այդ նռնակները, որից վիրավորվեցի նաև ես, այն աղջիկը, որի դեմքը վնասվեց, Զավեն անունով մեր ընկերներից մեկը վնասվեց և այլն»:










