Նորք-Մարաշի զինված խմբի անդամների հարազատները փակել էին Տիգրան Մեծի պողոտան՝ նրանց կալանքից ազատելու պահանջով

17:21 • 08.06.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները:

Նրան դատարանից պահանջում են արտահերթ նիստ անցկացնել և փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանքները:

Ցուցարարներից մեկն ասաց. «Դատարանից պահանջում ենք, որ դատավորը հանդիպի մեզ հետ, տեղի ունենա համապատասխան խոսակցություն, անհապաղ արտահերթ նիստ է գումարվում, պայմանավորվածություն է ձեռք բերվում, ու դուք ընդունում եք մեր պահանջը՝ ազատել ամբաստանյալներին: Կամ ընդունում եք, որ ներկայացուցիչների խումբ է ընդունվում, կամ դուրս եկեք այս շենքից»:

Ցուցարարն ասաց, որ դատարանը պետք է ընդունի, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն. «Չկա այլ տարբերակ, չկա այլ գաղափար»:

Քիչ առաջ ցուցարարները փակեցին Կենտրոնի նստավայրի ճանապարհը՝ Տիգրան Մեծի պողոտան և նշում են, որ մինչև դատարանն իրենց պահանջը չկատարի, այն չեն բացի:

Քիչ անց, սակայն, նրանք Տիգրան Մեծի պողոտան բացեցին: Ցուցարարները հայտնում են, որ հանդիպելու են գործը քննող դատավորի՝ Արմեն Բեկթաշյանի դատավորի աշխատակազմի ներկայացուցչի հետ, այդ պատճառով ճանապարհը բացում են:

Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը: