Մելանյա Թրամփն իրավունք չի տվել փաստաբան Ջուլիանիին իր փոխարեն մեկնաբանել Թրամփի ու նախկին պոռնոաստղի հետ կապված սկանդալը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որևէ իրավասություն չի տվել նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին իր անունից մեկնաբանություններ անելու նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալի վերաբերյալ։ Այս մասին ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը, հայտնում է ABC-ն։
«Ես չեմ կարծում, որ տիկին Թրամփը երբևէ քննարկել է իր մտքերը կամ որևէ բան պարոն Ջուլիանիի հետ», - ասել է Մելանյա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջուլիանին հայտարարել էր, որ Մելանյա Թրամփը հավատում է իր ամուսնուն ու ճշմարիտ չի համարում նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի մեղադրանքները։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին:
Մինչդեռ ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հերքել էր Դենիելսի հետ կապը: Սակայն պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ:










