Թրամփը քննադատել է Կանադային և Ֆրանսիային բարձր մաքսատուրքերի համար և հայտարարել G7 գագաթնաժողովից շուտ հեռանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովում նախատեսված հանդիպումներից մեկ օր առաջ քննադատել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին՝ առևտրային խոչընդոտների ստեղծման համար:
«Խնդրում եմ, ասեք վարչապետ Տրյուդոյին և նախագահ Մակրոնին, որ նրանք ԱՄՆ-ից հսկայական մաքսատուրքեր են վերցնում և ոչ մոնետար պատնեշներ են ստեղծում: ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային պրոֆիցիտը 151 միլիարդ դոլար է (տարեկան), իսկ Կանադան թույլ չի տալիս մեր ֆերմերներին և մյուսներին: Սպասում եմ նրանց հետ վաղվա հանդիպմանը»,- գրել է Թրամփը Twitter-ում:
«Վարչապետ Թրյուդոն այնքան վրդովված է, հիշեցնում է երկար տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Կանադայի կապերի և նմանատիպ այլ բաների մասին… բայց նա չի հիշատակում այն փաստը, որ նրանք մեզնից 300 տոկոսի մաքսատուրք են վերցնում կաթնամթերքի համար՝ դրանով վնասելով մեր ֆերմերներին և ոչնչացնելով մեր գյուղատնտեսությունը»,- հավելել է Թրամփը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Մակրոնն, իր հերթին, Twitter-ում պատասխանել է Թրամփին՝ ասելով, որ գագաթնաժողովն ԱՄՆ-ի կարիքը չունի:
«ԱՄՆ նախագահը գուցե դեմ չէ մեկուսացվելուն, բայց ոչ էլ մենք ենք դեմ (G7-ի անդամ) 6 երկրով համաձայնագիր ստորագրել, եթե պետք լինի»,- գրել է նա իր էջում:
Այս Twitter-յան բանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է գագաթնաժողովից մի քանի ժամ շուտ հեռանալ: Սպիտակ տունը հաստատել է, որ նա կհեռանա շաբաթ կեսօրին՝ բաց թողնելով կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի վերաբերյալ քննարկումները:
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում: Հունիսի 1-ին ԵՄ-ն վիճարկել է ԱՄՆ-ի որոշումն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և հայտարարել է հուլիսի սկզբին ներկրվող ամերիկյան ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին:
Մակրոնը հինգշաբթի Տրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի անթույլատրելիության մասին և ընդգծել է, որ դրանից կտուժեն այդ թվում և ամերիկյան ընկերությունները: Նա խոստացել է մաքսատուրքերի հարցը ևս մեկ անգամ քննարկել Թրամփի հետ: Նա, միևնույն ժամանակ, հանդես է եկել ԱՄՆ-ի որոշմանն արձագանքելու անհրաժեշտության օգտին:
«Մենք պետք է պաշտպանենք մեր արդյունաբերությունը, մեր աշխատակիցներին, մեր տնտեսությունները»,- ասել է նա:










