Ծայրահեղականները 2014 թվականին ցանկանում էին ողջ-ողջ այրել Յանուկովիչին. վկա

15:14 • 08.06.18

Ուկրաինայի նախկին նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վլադիմիր Պավլենկոն հայտարարել է դատարանում, որ ծայրահեղականները 2014 թվականին ցանկանում էին ողջ-ողջ այրել Վիկտոր Յանուկովիչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հստակեցրել է, որ խոսքը Խարկովի ծայրահեղականների մասին է: Յանուկովիչը պատրաստվում էր այցելել այդ քաղաք, այնտեղ նա պետք է այցելեր «Ռեգիոնների կուսակցության» համագումարը:

Ուկրաինայի նախկին նախագահի սպանությունը պատրաստում էր «Սվոբոդա» ազգայնական կուսակցության ներկայացուցիչներից և աջակիցներից կազմված անմիջապես երկու խումբ:

«Եթե առաջին խմբի մահափորձը չստացվեր, իսկ նախագահի սպանությունը պատրաստվում էին իրականացնել հրազենով…, ապա անվտանգության ծառայության կողմից նախագահին դուրս բերելու ժամանակ երկրորդ խումբն էր պատրաստվում նրան կա՛մ սպանել, կա՛մ նրա շարասյան ուղղությամբ Մոլոտովյան կոկտեյլներ նետել և ողջ-ողջ այրել»,- ասել է Պավլենկոն:

Նա հավելել է, որ այդ տեղեկությունը ստանալուց հետո Խարկով Յանուկովիչի այցը չեղարկվել է: