Պատերազմ սադրելու դեպքում Ադրբեջանը կստանա համարժեք պատասխան, Արցախում զգոն են. պահեստազորի գնդապետ
Ադրբեջանը այս ժամանակահատվածում կփորձի պատերազմ սադրել Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը` անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հայտարարություններին թե, վերջին օրերին առաջնագծում բավականին ակտիվ են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել:
«Մեր զորքերի պատրաստվածության աստիճանով մենք կկարողանանք համարժեք պատասխան տալ: Արցախում ներքաղաքական իրավիճակը զորքերի պատրաստվածության, զգոնության վրա չի կարող ազդել, արցախցին շատ լավ գիտի իր անելիքները և պահանջները, բանակի հետ կապված պահանջներ չեն հնչեցվում: Ներքաղաքական իրավիճակն այն աստիճանի չէ, որ պաշտպանական համակարգի վրա ազդի: Ես երկու օր առաջ եմ այնտեղից վերադարձել, հստակ է, որ սահմանի հետ կապված հարցերը վերահսկվում են»,- շեշտեց նա՝ վստահություն հայտնեց, որ զինված ուժերը կարող են լայնամասշտաբ պատերազմի դեմն առնել։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմի վտանգ կարող է լինել նաև Նախիջևանի կողմից, գնդապետն ասաց. «Ակտիվությունը Նախիջևանում պահպանվում է, որպեսզի մենք զորքերի տեղաշարժ չիրականացնենք, չեմ կարծում, թե Նախիջևանի կողմից ինչ-որ լուրջ խնդիրներ ունենանք»,- ընդգծեց նա:
Արտաշես Մխիթարյանն ընդգծեց, որ պատերազմն անհարժեշտ է ոչ թե Ադրբեջանի խաղաղ բնակիչներին, այլ իշխանություններին, ովքեր սահմանին իրավիճակը սրելով նաև փորձում են շեղել սեփական հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից:










