Քո կարիքն իսկապես կզգացվի. հայ ընկերներին ցնցել է CNN-ի հաղորդավարի մահը
Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն իր ցավակցություններ է հայտնել CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի հարազատներին նրա ողբերգական մահվան առիթով:
«Նա խոսում էր Հայաստան Սերժ Թանկյանի հետ այցի մասին, և հիանում էր «Խոստումը» ֆիլմի համար նման հումանիզմով ստեղծված Քրիս Քորնելի («Խոստում» ֆիլմի գլխավոր սաունդթրեքի հեղինակ) աշխատանքով… Շնորհակալ եմ քեզ Հայոց ցեղասպանության մասին քո խիզախ խոսքերի համար: Քո կարիքն իսկապես կզգացվի»,- գրել է Իսրայելյանը Twitter-ում՝ հրապարակելով հայտնի հաղորդավարի հետ համատեղ լուսանկարը:
Բուրդենի հարազատներին ցավակցություն է հայտնել նաև ամերիկյան Sistem of a Down հայտնի ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Մենք կորցրել ենք կյանքի, մշակույթի և ճշմարտության ազնիվ միջնորդի: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում: Մեր սերն ու ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր զգացել են նրա գեղեցիկ ոգին»,- գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ վաթսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:
Բուրդենը գտնվում էր Ֆրանսիայում և աշխատում էր իր հաղորդաշարի առաջիկա հաղորդման վրա: Նրա մոտ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիկ Ռիպերտը, Բուրդենին մահացած է հայտնաբերել ուրբաթ առավոտյան՝ նրա հյուրանոցային համարում:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:












