Սպիտակ տանը չեն կարողանում նվեր ընտրել Կիմ Չեն Ընի համար

10:43 • 09.06.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի կարողանում որոշել, թե նախագահն ինչ պետք է նվիրի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ մի քանի օրից Սինգապուրում կայանալիք պատմական հանդիպմանը:

Ինչպես նշում է Politico-ն, Սպիտակ տանը կարծում են, որ հյուսիսկորեացի առաջնորդի համար ճիշտ նվեր ընտրելը բավականին բարդ հարց է:

«Նվերը պետք է լինի այնպիսին, որ չվիրավորի, բայց միևնույն ժամանակ չափից ավելի հարգանք չցուցաբերի Հյուսիսային Կորեայի առաջնորդի նկատմամբ»,-հայտարարել է ԱՄՆ-ի միջազգային հարցերով խորհրդի անդամ Սքոթ Սնայդերը:

Բացի այդ, նվերը չպետք է հակասի Փհենյանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների ռեժիմին:

Աղբյուրը նկատում է, որ նման հանդիպումներին կանոնակարգով ընդունված է նվերներով փոխանակվել: Օրինակ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը տարիներ առաջ Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Իրին նվիրել էր բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ստորագրությամբ գնդակ՝ իմանալով, որ հյուսիսկորեացի առաջնորդն այս մարզաձևի մեծ սիրահար է: