Թրամփը ցանկանում է հետմահու ներում շնորհել Մուհամեդ Ալիին՝ չիմանալով, որ դրա կարիքն այլևս չկա. The Guardian
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հետմահու ներում շնորհել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին՝ չիմանալով, սակայն, որ ԱՄՆ գերագույն դատարանն Ալիի վճիռը չեղարկել էր 47 տարի առաջ՝ դեռևս 1971թ.:
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ նախագահն այս մասին ասել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովին մասնակցելու համար կանադական Քվեբեկ մեկնելուց առաջ:
Հայտնի է, որ Ալին հրաժարվել է զինակոչվել ու մասնակցել Վիետնամական պատերազմին, ինչի հետևանքով նա ձերբակալվել է 1967թ. ու զրկվել բռնցքամարտի բոլոր տիտղոսներից:
Բացի այդ, նրան սպառնում էր 5 տարվա ազատազրկում: Այնուհանդերձ՝ մարզիկը շարունակել է մնալ ազատության մեջ, քանի որ տևական ժամանակ վիճարկել է դատարանի որոշումը: Ի վերջո, 1971թ. ԱՄՆ գերագույն դատարանը հօգուտ նրա վճիռ է կայացրել, ինչից հետո Ալիին են վերադարձվել մենամարտերի անցկացման արտոնագիրը, տիտղոսները, որպես տուգանք վճարած գումարները:
Ալիի փաստաբան Ռոն Թվիլը հայտարարել է, որ իրենք գնահատում են նախագահ Թրամփի քայլը, բայց մարզիկին հետմահու ներում շնորհելն անիմաստ է, քանի որ 1971թ. Գերագույն դատարանը դա արդեն արել է:
«Փաստացի մենք չունենք հանցագործություն, որի համար ներում է պետք»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին մահացել է 2016թ.՝ 74 տարեկանում:










