Առավել թափանցիկ, վստահելի ու պրոֆեսիոնալ. Արցախի նորանշանակ ոստիկանապետն առանձնացրել է ոլորտի առաջնահերթությունները
Արցախի ոստիկանությունը կաշխատի առավել թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համահունչ՝ բարձրացնելով կառույցի նկատմամբ հասարակության վստահությունը:
Tert.am-ի հետ զրույցում իր կողմից առաձնացված առաջնահերթությունները թվարկեց Արցախի Հանրապետության ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանը:
Ոստիկանապետը մի քանի օր է, ինչ անցել է իր աշխատանքային պարտականություններին, բայց հասցրել է որոշ հանձնարարականներ տալ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: Նրան փոխարինել է գնդապետ Իգոր Գրիգորյանը:
«Առաջին աշխատանքը, որ արել ենք, արդեն իսկ կայքում տեղադրել ենք հայտարարություն, որ ոստիկանության թեժ գիծը միայն նրա համար չէ, որպեսզի քաղաքացիները զանգահարեն և այս կամ այն միջադեպի խախտման համար հայտարարություն տարածեն: Մենք նշել ենք, որ նաև իրենց կողմից ներկայացնեն այն առաջարկությունները, թե այժմյան ոստիկանին ինչպես են պատկերացնում, ինչ նորամուծություններ են ուզում տեսնել ոստիկանությունում»,- ասաց Գրիգորյանը:
Երիտասարդ ոստիկանապետը նշեց, որ առաջնահերթությունը տրվելու է ոստիկանության առավել պրոֆեսիոնալ լինելուն. քաղաքացու անվտանգությունը օրենքով նախատեսված կարգով, վարչական իրավախախտումների հանցագործությունների կանխումը, հանցագործությունների բացահայտումը, քրեական գործերի իրականացումը:
«Իսկ այս ամենը կատարելու համար մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ է՛լ ավելի թափանցիկ պետք է դարձնենք պարբերաբար այդ ճանապարհին կառուցված և կառուցվող հասարակության հետ կապը: Ցանկացած հարցի քննարկում, որը կհետաքրքրի հասարակության ներկայացուցիչներին, ՀԿ-ներին և շահագրգիռ այլ մարմիններին, կապահովենք նրանց մասնակցությունը տվյալ հարցերին, պարբերաբար հրավիրելու ենք տարբեր մարդկանց, փորձելու ենք ոստիկանի կերպարն է՛լ ավելի մատչելի ու ընկալելի դարձնել, որպեսզի մեր քաղաքացիները իմանան՝ ոստիկանությունն ինչ ծառայություն է մատուցում»,- ասաց նա:
Իգոր Գրիգորյանը նշեց, որ ոստիկանությունում վերջին մի քանի տարիներին պարբերաբար բարեփոխումներ իրականացվել են: Այդ շրջանակներում սկսել են ապակենտրոնացնել ոստիկանական ծառայությունները:
«Այսինքն՝ քաղաքացիները եթե ստիպված էին շրջաններից ներկայանալ Ստեփանակերտ՝ ծառայություններից օգտվելու համար, հիմա պիլոտային ծրագրով այդ ծառայությունները առաջին շրջանում անելու ենք: Քաղաքացին ստիպված չի լինի օրինակ Ասկերանի շրջանից հասնել Ստեփանակերտ և այդ ծառայությունից օգտվել, տեղում մոտենալու է տարածքային բաժին և ներկայացնի պահանջները»,- ասաց նա:
Նորանշանակ ոստիկանապետը կարևորեց նաև հասարակության վստահության բարձրացումը ոստիկանության հանդեպ: «Ոստիկանը պետք է լինի մեր քաղաքացու ամենից լավ, վստահելի ընկերը: Այն մարդը պետք է լինի, որ երեխաները փորձեն օրինակ վերցնել, օրինակելի կերպար պետք է լինի, օրենքի անվերապահորեն կատարող, որ քաղաքացին զգա, որ ոստիկանը իր կողքին կանգնած է գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ: Դա ոչ թե ասում եմ որպես ոստիկանապետ, այլ ասում եմ որպես ոստիկան, ով տարիներ շարունակ աշխատել է քաղաքացու հետ, նրա անվտանգության համար»,- ասաց նա:










