Իրավապահների կողմից՝ 0 արձագանք. Տ. Աթանեսյանը՝ իր ու իր ընտանիքի նկատմամբ «ֆեյքային հարձակումների» վերաբերյալ
Հունիսի 7-ից, երբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ ակնկալում է իրավապահների ու նոր իշխանության աջակցությունը՝ իր վրա «ֆեյքային հարձակումներ» իրականացնողներին բացահայտելու գործում, անցել է 3 օր, ու այս ընթացքում եղել է 0 արձագանք:
Այս մասին Tert.am-ին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին նա իր անձնական էջում տեղեկացրել էր. «Ֆեյսբուքյան ֆեյք տականքների հարձակումը իմ ընտանիքի նկատմամբ շարունակվում է։ Ես ակնկալում եմ նոր իշխանության միջամտությունը, հակառակ դեպքում պետք է փաստել, որ փաստաբանությունը Հայաստանում անցանկալի գործունեություն է»:
«Արձագանք չեղավ, ինքս չեմ գնալու իրավապահների դուռը և խնդրեմ: Եթե իրենց համար դա նորմալ է…Ես ակնկալում էի իրավապահների աջակցությունը, որովհետև իրենք բավարար տեխնիկական միջոցներ ունեն՝ գտնելու, պարզելու՝ ովքեր են, և զգուշացնելու մարդկանց: Ինձ համար ակնհայտ է, որ դա կատարվում է 2 տեղից, մեկը հասկանում եմ, մյուսը՝ ոչ: Մեկը, կասկածում եմ, որ հնարավոր է՝ փաստաբանական կառույցներից լինի, մյուսների դերակատարությունը չհասկացա: Ամեն դեպքում, շատ տհաճ բանի միջով անցա, ես հասկանում եմ, որ մեր շատ քաղաքացիներ են նման բաներով զբաղվում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներից Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատմանը մեծապես նպաստած փաստաբան Տիգրան Աթանեսյանի քայլը սկզբում նրա, ապա նաև ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորական գրառումների տեղիք տվեց, երբ ոչ միայն հայտնի դարձավ, որ նա է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանը, այլև երբ գրառեց. «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով»:
Ավելին, «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մարդկանց այնքան էր զայրացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին, որ նրա և ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին:
Նրա խոսքով՝ ֆեյքային հարձակումներում սպառնալիքներ են՝ իր ու իր ընտանիքի անդամների նկատմամբ, հայհոյանքներ ու վիրավորանքներ:
Ինչ վերաբերում է 2 կենտրոններից հարձակումները գեներացնելու մասին ակնարկին, ապա Աթանեսյանը չի բացառում, որ մյուս խումբն այն մարդիկ էին, որոնք ակտիվորեն ներգրավված էին «Պալատի որոշ փաստաբաններ-Պալատի նախագահ» հայտնի ու տարիներ ի վեր շարունակող հակամարտության մեջ: Այսինքն՝ չի բացվառվում, որ այս նոր իրողության ֆոնին՝ հիմա էլ Մասիսի քաղաքապետի պատմության տակ քողարկված՝ հին հաշիվներ են լուծվում:
«Եվ դրա ապացույցն այն է, որ երբ փաստաբանի նկատմամբ մասնագիտական գործունեություն իրականացնելու նկատմամբ կատարվում է հարձակում, դա լռելյայն, նույնիսկ համոզված եմ՝ ուրախությամբ ընդունվում է, իսկ երբ ինչ-որ մի օգտատեր դիմում է ներկայացնում, ակնթարթային հարուցվում է կարգապահական վարույթ: Այսինքն՝ իրենք հերթական անգամ իրենց երեսը ցույց տվեցին»,- ասաց փաստաբանը:
Նրա նկատմամբ՝ արդեն իսկ շուրջ 8 կարգապահական վարույթ է հարուցվել, դրանցից ոչ մեկի քննարկմանը չի մասնակցել, այս մեկինը ևս չի մասնակցի:
«Ես միշտ հայտարարել եմ, որ արհամարհանքով եմ մոտենում այդ հիմնարկին, համարում եմ այն հին ռեժիմի մնացորդ՝ ռուդիմենտ, և երբեք չեմ էլ հետաքրքրվում, երբ որոշումները ստանում եմ, բողոքարկում եմ դատարան: Եվ իրենց քննարկումներին չեմ մասնակցում, շատ կլինի իրենց համար, եթե մասնակցեմ»,- մանրամասնեց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանին արտոնագրից զրկելու համար պետք է, որ նա տարվա մեջ 3 լուրջ խախտում կատարած լինի, այսինքն՝ այդ մասին վարույթներն ուժի մեջ մտած լինեն: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նկատմամբ որևէ կարգապահական վարույթ ուժի մեջ մտած չէ, բոլորն էլ բողոքարկվում են, ուստի այս պահին նման բանի համար իրավական հիմքեր չկան:
Տիգրան Աթանեսյանը համարում է, որ այն, ինչ կատարվում է իր նկատմամբ, այն կոչերը, որ հնչում են նաև այլ մարդկանց՝ դատավորների, դատախազների նկատմամբ, ինչ-որ տեղ հեղափոխական էյֆորիայից են, ու նրա խոսքով՝ եթե այդպես է լինելու, ոչ թե Նոր Հայաստան է լինելու, այլ Նախնադարյան Հայաստան:
«Ոչ ոք, դատարանից բացի, իրավունք չունի որոշել մարդու մեղքը: Եթե դա այդպես չէ, ուրեմն մեր հանրությունն ապագա չունի»,- ասաց փաստաբանը, ով հարցին, թե ինչպես կարելի է նման բան վստահաբար պնդել, երբ համատարած ասվում է, որ Հայաստանում արդարադատություն չկա, ասաց. «Ինչպես մտածում ենք, այնպես էլ կլինեն, ինչպես ակնկալում ենք, այնպես էլ կլինեն»:
Տիգրան Աթանեսյանը կրկնեց, որ որևէ մարդ իրավունք չունի ուրիշին հայտարարել հանցագործ, մարդն իրավունք ունի ուրիշի նկատմամբ կարծիք ունենալ, բայց ոչ երբեք նրան հայտարարել հանցագործ, հաճախ երբեմն՝ անձնական նախասիրությունների, համակրանքների ու հակակրանքների պատճառով:
Հիշեցնենք, որ բժիշկների, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար օրենսդրության մեջ քրեական պատասխանատվության նորմ մտցվեց: Ինչ վերաբերում է փաստաբաններին, ապա նման պատասխանատվություն սահմանվում է միմիայն պաշտոնատար անձանց դեպքում :
«Ու նաև կա ինչ-որ հոդված վիրավորելու մասով, մեր չգործող նորմերից է՝ մեզ պաշտպանող, մեր օրենքով՝ նաև պետությունն է պարտավոր ապահովել մեր անվտանգությունը: Բայց ես չեմ գնալու՝ հաղորդում տամ, իմ ժամանակը սպառեմ ինչ-որ մի քանի ֆեյքերի համար: Հանրությունն ինձ ճանաչում է, ես երկար տարիներ փաստաբան եմ, միշտ ազնիվ եմ եղել հանրային տիրույթում: Ես համոզված եմ, որ ժամանակը կանցնի, կգա ժամանակ, որ Մասիսի քաղաքապետի գործով հանրությունն ինձ շնորհակալություն կհայտնի: Ինչի՞ համար կասի՝ որովհետև այդ գործի շնորհիվ մի պահ կասեցվեց, իսկ հնարավոր է՝ նաև դադարեց, հեղափոխական ռեպրեսիան: Սա սարսափելի բան է և հաճախ կործանում է նաև հենց հեղափոխությունը»:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ եթե չլիներ այդ հարցի հանրայնացումը, բարձրացված աղմուկը, ապա հնարավոր է, որ լինեին 50-80, իր խոսքով՝ անհիմն ձերբակալվածներ:










