Փաշինյան-Պուտին հանդիպումը վստահության ամրապնդման առումով դրական հետևանք է ունենալու. Սուրեն Սարգսյան

21:36 • 11.06.18

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, որ հանդիպելու է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Tert.am-ի հետ զրույցում նման նկատառում արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշատակելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ հանդիպել են Սոչիում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

«Եթե Սոչիում հանդիպումը ճանաչողական էր, առաջին շփումն էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա երկրորդ շփումը, կարծում եմ, առավել գործնական բնույթ կարող է կրել»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել, որ այս անգամ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվելու ոչ միայն հանդիպումներ անցկացնելու, այլ նաև՝ մասնակցելու Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ինչին ռուսական կողմը շատ լավ պատրաստվել է:

Հիշեցնենք, որ առաջիկայում  նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտնել էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չպարզաբանելով Փաշինյանի այցի ծրագիրը: Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են ներկա գտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք առաջնորդներ:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ինքն անձամբ նման շփումներին շատ մեծ կարևորություն է տալիս. բարձր մակարդակի շփումներ պետք է լինեն ոչ միայն բանակցային սեղանի շուրջ կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այլ նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության նման միջոցառումների ժամանակ:

«Դրանք անպայմանորեն ձևավորում են անձնական շփումներ, անձնական վերաբերմունք, անձնական վստահություն: Վստահ եմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպումն ունենալու է այդ առումով դրական հետևանք, և վստահ եմ, որ ռազմավարական հարաբերությունները, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն, Փաշինյանի ղեկավարության օրոք նույնպես շարունակվելու են»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկման թեմա լինել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ չի բացառում: «Հայաստանի վարչապետը, իրոք, պետք է գործընկերոջը ներկայացնի այստեղ ծավալվող իրադարձությունները, մանավանդ, որ Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ անդամ պետություն է, և Նախիջևանն էլ Լեռնային Ղարաբաղ չէ, և ՀԱՊԿ-ի պարտականությունները հենց այս սահմանով են անցնում: Կարծում եմ՝ այստեղ պետք է լինի Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դիրքորոշման հստակեցումը կամ ներկայացումը: Իսկ թե ինչ է տեղի ունենում Նախիջևանում բոլորս գիտենք, այնտեղ կա որոշակի զորքի կուտակում և զինատեսակների տեղաշարժ, ինչը կարող ենք դիտարկել որպես սպառնալիք»,- ասաց նա:

Միջազգայնագետը նաև նշեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ինչպես ՀՀ-ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, կքննարկվեն ոչ միայն երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, այլ նաև կենսական, ռազմավարական նշանակության հարցեր:

«Բնական է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նույնպես կքննարկվի: Մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունը հենց Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության  անվտանգությունն է:  Վստահ եմ, որ ճիշտ շեշտադրումներով և բարեկամական ու ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հանդիպում է լինելու»,- ասաց նա: