Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. խորհրդարանի շենքի մոտ հատուկ նշանակության ուժեր են կենտրոնացվում
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը ձերբակալել է «Միացյալ ազգային շարժման» մի քանի անդամի և հեռացրել ցուցարարների կողմից տեղադրված վրանները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը սրվել է, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներ և հարյուրավոր ոստիկաններ: Նշվում է, որ հարակից Ռուսթավելի պողոտան բացվել է ավտոմոբիլային երթևեկության համար:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան:
Վրաստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ ձերբակալվել է տասը մարդ, նրանց թվում է հանրահավաքի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան:
Բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսվել են կիրակի:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել էին մայիսին: Դրանց կազմակերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռահասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունն օբյեկտիվորեն չի հետաքննում այդ գործը և պաշտպանում է միջադեպի մասնակիցներից մեկին՝ գերատեսչության նախկին աշխատակցի որդուն:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գործի նոր հետաքննությունն է սկսվել: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է երկու մարդ, այդ թվում՝ գլխավոր դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանին: Նրա բարեկամը դեռահասների վեճի մասնակիցներից մեկն էր:
Ցուցարարները, սակայն, պահանջում էին գտնել մեղավորներին մինչև հունիսի 10-ը, և կիրակի վերսկսել են բողոքի ցույցերը: Սարալիձեն հայտարարել է, որ կգիշերի վրանում՝ Ռուսթավելի փողոցում, մինչև նախարարները հրաժարական չտան:










