Իմ անձնական կարծիքն է, որ ապագա ընտրություններում ՀԱԿ-ի համար ավելի բնական դաշնակից, քան Փաշինյանի քաղաքական ուժն է, չկա. Մ. Մալխասյան
Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանն անդրադառնում է Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀԱԿ-ի ՝ արտահերթ ընտրություններին մասնակցությանը, «Մարտի 1-ի» ու այլ աղմկահարույց գործերի բացահայտման հասարակական-քաղաքական օրակարգին:
-Պարո՛ն Մալխասյան, որպես արտահերթ ընտրությունների վերջնաժամկետ՝ այս պահին նշված է մինչև 2019 թ.-ի հունիսը: Նոր Հայաստանում, նոր մեկնարկային պայմաններում կուսակցությունները, այդ թվում՝ «Հայ ազգային կոնգրեսը», տեսնո՞ւմ են «ռեսթարթի» ու նոր շնչով, թարմացած ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն:
-Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են. նախորդ ԱԺ ընտրությունները ընտրություններ չէին, և «Հայ ազգային կոնգրեսը» միակ քաղաքական ուժն էր, որը դատապարտեց և ՍԴ դիմեց, որ ԱԺ ընտրությունները չեն արտահայտում մեր ժողովրդի կամքը, և արդյունքները տոտալ ճնշման, ընտրակաշառքի, կեղծիքի պայմաններում են անցկացվել: Բնականաբար, ՀԱԿ-ը կողջունի արտահերթ ընտրությունները և անպայման կմասնակցի ու, բնականաբար, ԱԺ-ում իր հաստատուն տեղը կունենա:
-Իսկ այս պահին կարո՞ղ եք ասել՝ միայնա՞կ, դաշինքո՞վ, պոտենցիալ դաշնակիցներո՞վ։
-Չգիտեմ՝ժամանակը ցույց կտա: Ինձ թվում է, իմ անձնական տեսակետն է, որ «Հայ ազգային կոնգրեսի» համար ավելի բնական ու իրական դաշնակից, քան Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն է, չկա: Նաև այն քաղաքական ուժերի համար, որոնք պոկվել են Կոնգրեսից, որոնք անցած ժամանակահատվածում պայքարել են, որի անդամները դատապարտվել են հանուն նրա, որ մենք մի օր ունենայինք այն Հայաստանը, որտեղ ընտրությունները պետք է առանց կեղծիքի անցնեին, որտեղ կոռուպցիան պիտի վերանար, ազատ մրցակցություն ու արդար դատական համակարգ պիտի լիներ։ Եվ, և շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ այն, ինչի համար մենք տարիներ շարունակ պայքարեցինք, այսօր իրականություն է դարձել:
-Նիկոլ Փաշինյանը և թիմը հայտարարել են որոշ երևույթների ու դեպքերի լյուստրացիաների մասին, որ պատրաստ են բացահայտել տնտեսական և այլ բնույթի հանցագործություններ, «Մարտի 1», «Հոկտեմբերի 27»: Այս առումով ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Այն, ինչ հայտարարվել է, ճիշտ է, այլ կերպ չէր կարող լինել, որովհետև առանց «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» բացահայտման, այսինքն՝ պետական հանցագործությունների, որոնք պետականության հիմքերն են խարխլել, այս իշխանությունը, պետականությունը վտանգված կլինի: Դա հույժ կարևոր է, և «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27-ը» մի-մի խարաններ են, որոնք պետք է բացահայտվեն և ջնջվեն, իսկ մեր պետությանն ու ժողովրդին հնարավորություն տրվի կերտելու իր պետականությունը: Եվ նաև երկրի զարգացման հնարավորություն տա: Այս 2 ծանր բեռը պետք է թոթափել: Այս հանցագործները մեր ժողովրդի մեջ են, մեր մեջ քայլում են: Տասը տարի առաջ ՀՀ քաղաքացիներ են սպանվել, առ այսօր չեն կարողանում բացահայտել, թե ովքեր էին հրաման տվողները, ում կրակոցից սպանվեցին այդ քաղաքացիները: Նմանատիպ այլ հարցեր, որոնց պատասխաններն առ այսօր չենք ստացել:
-Իսկ դարակներից այդ գործերը նորից հանելու, լրացուցիչ իրավական գնահատական տալու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք. ի վերջո Հայաստանում հիմա նոր քաղաքական իրավիճակ է: Հիշենք, որ 150 հոգուց ավելի մարդ է այդ տարիներին Հայաստանում դատապարտվել, մարդիկ համաներումով ազատ են արձակվել: Բայց գուցե կա ռեաբիլիտացիայի կարիք: Թե՞ դա շատ մեծ, ահռելի գործ է, որի ժամանակը հիմա չկա:
-Կարծում եմ՝չի կարելի մտածել, որ դա այն գործն է, որին կարելի է մոտենալ «ժամանակ չկա»-ով: Բազում քաղաքացիներ ապօրինի դատապարտվել են, իշխանությունները մարտի 1-ին կատարել են պետական հեղաշրջում, ժողովրդից խլել են հաղթանակը, տասը քաղաքացիների գնդակահարել են և մեզ հանիրավի դատապարտել են պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Մեզ՝ «7-իս», առաջադրված գործով: Իրենք են պետական հեղաշրջում արել, բայց մեզ են մեղադրել պետական հեղաշրջման մեջ: Անշուշտ, պետք է վերանայվի: Եվ դա, ըստ իս, հենց «Մարտի 1-ի» բացահայտման կարևոր անկյունաքարերից մեկն է: Ի վերջո պետք է պատասխան տան՝ ի՞նչ հիմքերով էին մեզ մեղադրում պետական հեղաշրջման մեջ: Եվ իշխանությունները, խայտառակությունից փրկվելու համար, հետագայում «Քրեական օրենսգրքից» հանեցին 301 հոդվածը, քանի որ իրենք աբսուրդի առաջ էին կանգնել, չէին կարողանում այդ հոդվածով մեզ «պետական հեղաշրջմամբ» դատապարտել և ի վերջո դատապարտեցին 225-րդով: Բայց 2 հոգու՝ իմ և Սասուն Միքայելյանի վրա մի-մի հոդված ավել դրեցին՝ 316-րդը:
-Ես նկատի ունեի, որ, կոպիտ ասած, նաև հոդվածները հանվեն:
-Նորից եմ ասում՝ դա խայտառակություն էր, դա դատավարություն չէր: Եվ հետո, այս աբսուրդ հատորները կուտակել էին, ու ես, երբ նստած ժամանակ պարապ էի, թերթում էի այդ հատորները ու պարզեցի, որ 40 հատոր թղթի մակուլատուրա է: Ես, անկեղծ ասած, մինչև ծանոթանալը, մի քիչ այլ կարծիք ունեի մեր իրավապահ մարմինների, Ազգային անվտանգության ու քննիչների մասին ու այդ ընթացքում հասկացա, որ շատ քիչ նորմալ մասնագետ կա: Կատարյալ անգրագիտություն էր... ինչ-որ «ատս» -ների կամ տաքսու վարորդների հեռախոսահամարներ, որոնք ներառված էին այս 40 հատոր կազմված գործում:
Դա դատավարություն չէր, ու իրենք էլ, կրկնում եմ, հասկացան, որ չի կարելի սխալ դատավարության նախադեպ ստեղծել: Եվ հիմա, երբ նայում եմ մեզանից հետո եղած դատավարություններին, մարդիկ կարծես ընդօրինակում են դատարանի առաջ մեր կեցվածքը՝ դատարանին չհարգելը, չկանգնելը, մյուս, մյուս:
-Պարո՛ն Մալխասյան, մեկ իշխանափոխություն էլ եղել է 98-99 թվականներին: Ի՞նչ տարբերություն եք տեսնում, նաև չե՞ք կարծում, որ Փաշինյանի ու թիմի համար վտանգավոր ականապատ դաշտ է այն, որ հիմա փորձելու են բարեփոխումներ անել, համակարգեր փոխել, ինչպես հայտարարվեց՝ Ավգյան ախոռներ մաքրել:
-Առանց դրա հնարավոր չէ: Մի առիթով ասել եմ և կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հետայսու ոչինչ չանի էլ, ինքը մի մեծ բան արդեն արել է: Որ գնացել է այդ վտանգներին՝ վտանգելով իր անձը և կատարել է այս իշխանափոխությունը: Սա մեր հայ ժողովրդի պատմության համար շատ կարևոր բան է: Բայց դրանով ամեն ինչ ոչ թե վերջանում է, այլ դրանով ամեն ինչ նոր սկսվում է: Որովհետև, եթե մեր ժողովուրդը նստի, սպասի, որ Նիկոլ Փաշինյանն ինքը մաքրի այդ ամեն ինչը, վերացնի կոռուպցիան, կաշառակերությունն ու անարդարությունները, դա հնարավոր չէ: Եվ բոլոր մարդիկ, անխտիր ու քաղաքական ուժերը պետք է լծվեն այս գործին, աջակցեն, որպեսզի մենք ունենանք այն Հայաստանը, որը երկար ժամանակ երազել ենք և հույս ունեմ, որ կունենանք մեր քաղաքացիների համար արժանապատիվ Հայաստան, որում ՀՀ քաղաքացիները կունենան արժանապատիվ ապրելու հնարավորություն: Բարդություններն ու դժվարությունները հաշվի առնելով էլ՝ կարող եմ ասել, որ այս ամենի համար նոր նախադրյալներ կան:










