Նեթանյահուն խոստացել է միլիոնավոր իրանցիների փրկել երաշտից ու սովից՝ կիսվելով ջրօգտագործման հետ կապված իսրայելական տեխնոլոգիաներով (տեսանյութ)
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է պարսկերեն թարգմանել ջրօգտագործման իսրայելական առաջատար տեխնոլոգիաները և դրանք համացանցում տեղադրել, ինչը կօգնի միլիոնավոր իրանցիների հաղթահարել երաշտը և խուսափել սովից, գրում է Times of Israel-ը:
«Այսօր ես պատրաստվում եմ Իրանին աննախադեպ առաջարկ անել: Դա կապված է ջրի հետ»,- ասել է Նեթանյահուն համացանցում հրապարակված անգլերեն տեսաուղերձում՝ իրեն մեկ բաժակ ջուր լցնելով և խմելով այն:
Նա բարձրաձայնել է հենց իրանական իշխանությունների գնահատականները, որոնց համաձայն՝ երկրի 96 տոկոսն այս կամ այն չափով երաշտի վտանգի տակ է, իսկ 50 միլիոն բնակիչ կարող է ստիպված լինել լքել իր տունը՝ կլիմայի փոփոխությունների պատճառով:
«Իսրայելը գիտի՝ ինչպես կանխել Իրանում էկոլոգիական աղետը: Ես ցանկանում եմ կիսվել այդ գիտելիքով իրանցի ժողովրդի հետ… Մենք պարսկերենով ինտերնետային կայք կգործարկենք, որտեղ կլինեն մանրամասն հրահանգներ, թե ինչպես վերամշակել կեղտաջրերը, փրկել բերքը և սնունդ ապահովել ընտանիքների համար»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:
«Իրանական ռեժիմը բացականչում է «Մա՛հ Իսրայելին»: Իսրայելն ի պատասխան բացականչում է «Կյա՛նք Իրանի ժողովրդին»: Իրանցիները լավ և պարկեշտ մարդիկ են: Այն չպետք է միայնակ դիմադրի դաժան ռեժիմին: Մենք ձեզ հետ ենք»,- հավելել է նա:
Նեթանյահուն հայտնել է իրանցիներին, որ Իսրայելը ջրի հետ կապված նման խնդիրներ է ունեցել և գտել է դրանք լուծելու ճանապարհը: Ինչպես նշել է վարչապետը, այդ տեխնոլոգիաներն իրանցիների հետ կիսելու համար մի խոչընդոտ կա՝ իսրայելցիների կողմից դրանց լուծումների մասին պատմելու համար Իրան այցելել չկարողանալն է:
«Դժբախտաբար, Իրանն արգելում է իսրայելցիներին երկիր այցելել, այդ պատճառով մենք պետք է կրեատիվ գտնվենք: Մենք պարսկերենով կայք կգործարկենք՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես իրանցիները կարող են վերամշակել իրենց կեղտաջրերը»,- ասել է նա:










