Սիրիայի քրդերն ընդունել են Ասադի՝ բանակցությունների գնալու առաջարկը
Սիրիայի հյուսիսում գործող քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման քաղաքական թևը հայտարարել է երկրի իշխանությունների կողմից բանակցության սեղանի շուրջ նստելու առաջարկն ընդունելու մասին, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Տարածված հայտարարության մեջ քրդական կողմը շեշտել է, որ Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու ու խաղաղության ապահովման համար իրենք դրական են արձագանքել երկխոսության գնալու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի առաջարկին։
«Ցանկանում ենք շեշտել, որ առանց Սիրիայում հակամարտող բոլոր կողմերի մասնակցության ու Սիրիայի բոլոր ժողովուրդների իրավունքները հավասարապես ներկայացնող սահմանադրության ձևավորման՝ սիրիական հիմնախնդրի լուծումը, ըստ մեզ, հնարավոր չէ», - նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ասադը հայտարարել է, որ իրենք պատրաստ են խաղաղ բանակցությունների գնալ Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալների հետ, իսկ երկխոսության միջոցով համաձայնության չգալու դեպքում չեն խուսափի ուժի կիրառումից։










