Թուրքմենստանի նախագահը համաներում է հայտարարել ավելի քան 600 դատապարտյալի նկատմամբ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաներում է հայտարարել ավելի քան 600 դատապարտյալի նկատմամբ՝ Ռամադան ամսվա սուրբ գիշերվա կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:
Համաձայն հունիսի 8-ին ստորագրած հրամանագրի՝ ազատազրկման տեսքով հիմնական պատժի հետագա կրումից, ինչպես նաև որոշակի վայրում ապրելու տեսքով լրացուցիչ պատժից կազատվի 611 քաղաքացի:
Լրատվամիջոցի աղբյուրներն ավելի վաղ հայտնել են, որ նախագահական համաներումը կանդրադառնա մոտ երեք հազար մարդու, այդ թվում՝ «գյուլենականների» հետ (թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետևորդ) կապերի մեղադրանքով երկար ժամկետների դատապարտվածների վրա: Բայց դեռ հայտնի չէ, թե արդյոք համաներում կիրառվել է դատապարտված «գյուլենականների» նկատմամբ, թե ոչ:
Վերջին անգամ երկրում նախագահական համաներում է հայտարարվել այս տարվա մարտի 20-ին՝ Նովրուզի կապակցությամբ:










