Կանխամտածված ու միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իմ մասին. Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 4 անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանն առանց փաստեր գնահատելու, կանխամտածված ու միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իմ մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը: Նրա խոսքով՝ ավագանու անդամների այցի ժամանակ բուժաշխատողները ներկայացրել են իրականությունը, ինքն էլ իրավական ակտերն է ներկայացրել, սակայն, ըստ նրա, պարզաբանումները հաշվի չեն առնվել:
«Անպատկառ ու անամոթաբար, իրականությանը չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ են տարածում՝ իմ բարի համբավը վիրավորելու, աշխատանքային գործունեության վրա ստվեր գցելու միտումով: Միայն մեկ աշխատակից է բողոքել, իսկ մյուսների ձայնը հաշվի չեն առել»,- ասաց նա
Տնօրենն, անդրադառնալով արձակուրդների հետ կապված այն դժգոհություններին, թե արձակուրդ ստանալու համար տնօրենի մոտ են գնում խմիչքով, ասաց, որ ինքն Երևանի ավագանու անդամներին ցույց է տվել բոլոր աշխատողների՝ տարվա կտրվածքով կազմած արձակուրդային ժամանակացույցը, որտեղ 380 աշխատակից իր դիմումի համաձայն ընդգրկվել է ժամանակացույցի մեջ:
«Ինչ-որ կոնյակների հետ են կապում, միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր լուծել, մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ յուրաքանչյուր ստորաբաժանումում ղեկավարի անմիջական ղեկավարմամբ է որոշվում, թե ով ինչ ժամանակ է գնում, որից հետո տվյալները տարվում են կադրերի բաժին, ու կազմվում են ցանկերը»,- նշեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ընկերությունում վճարովի հիմունքներով բժշկական և սպասարկման օգնություն մատուցելուն, տնօրենն ասաց, թե իր համար ծիծաղելի է ավագանու «Ելք» խմբակցության անդամների դիրքորոշումը: Նա կասկածում է, որ ավագանու անդամները ծանոթ են հարկային օրենսդրությանը և ՀՀ իրավական ակտերի:
«Քաղաքացին ծառայություն ստանալուց առաջ պարտավոր է և պետք է վճարի այդ ծառայության համար: Բժշկական հիմնարկներում պետպատվերից դուրս իրագործվող, վճարովի հիմունքներով օգնություն կա: Շուրջ 130 բժիշկ-մասնագետից վճարովի հիմունքներով բուժսպասարկում իրականացնում է 34-40 մասնագետ: Այդ 34-40 աշխատակիցները 5.000 դրամից սկսած մինչև մի քանի հարյուր հազար դրամ վճարում են կատարում: Ամեն բան կախված է այդ մասնագետի պահանջարկից, մուտքագրված վճարներից 50-60 տոկոսն էլ հավելյալ գումարվում է աշխատավարձին»,- շեշտեց Սամվել Սարգսյանը:
Դիտարկմանը, որ դատախազությունը թիվ 19 պոլիկլինիկայի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն, և քրեական գործ է հարուցվել, Սարգսյանն արձագանքեց, որ հետաքննիչները զբաղվում են, ավելին՝ խոսել են իր ու 10-ից ավել աշխատակիցների հետ, որոնք, ըստ նրա, սուտ տեղեկություններ չեն տվել:
Իրավաբան Արման Օհանյանն էլ հայտարարեց, թե Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի: Նա շեշտեց, որ գործ է հարուցվելու ոչ միայն քաղաքացիական օրենսգրքի հոդվածի շրջանակում, որը նախատեսում է անձին վիրավորելու ու զրպարտելու հետ կապված:
«Այստեղ մենք այլ ուղղություններով էլ խախտում ենք տեսնում, հնարավոր է, որ փոխվի պատասխանատվության դաշտը, և պատասխանատվության կանչվեն այն անձինք, ովքեր նախաձեռնել են այս ամենն՝ ունենալով քողարկված նպատակ»,- նշեց նա:
Օհանյանը նկատեց, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները հայտարարում էին, թե իրենք վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեն և մեջբերեց օրենք, որտեղ շարադրված են ավագանու լիազորությունները՝ ապացուցելու, որ նման ստուգումների համար իրավունք չկար:
Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Աշոտ Ահարոնյանն էլ, համաձայնելով գործընկերների հետ, հավելեց, որ սուտ են այն տեղեկությունները, թե Սամվել Սարգսյանը հանդիպումների, ժողովների ժամանակ ստիպում է անջատել հեռախոսները և այլն:
Ինչ վերաբերում է պոլիկլինիկայի ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանին, ով ևս դժգոհություններ ուներ, տնօրենն ասաց, որ նա շարունակում է աշխատել:
Ըստ նրա՝ ակնաբույժը լավ մասնագետ է, իսկ ինքը որոշակի խնդիրների պատճառով լավ մասնագետին աշխատանքից չի հեռացնի: Միևնույն ժամանակ Սամվել Սարգսյանը նկատեց, որ ակնաբույժն իր դեմ բողոքել է այն ժամանակ, երբ ինքը հայտնաբերել է, որ բժշկուհին բժշկական քարտեր չի լրացնում:










