Հրվ. Կորեայի նախագահը «մեծ հաղթանակ» է անվանել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

16:00 • 12.06.18

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը «մեծ հաղթանակ» է անվանել Սինգապուրում անցկացված գագաթնաժողովն ու փաստաթղթի ստորագրումը: Այս մասին ասվում է Կորեայի Հանրապետության վարչակազմի հայտարարությունում, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Սա հաղթանակ է, որին ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Հյուսիսային Կորեան միասին են հասել, և առաջընթաց աշխարհի բոլոր մարդկանց համար», - ասվում է վարչակազմի հայտարարությունում:

Մուն Չժե Ինը նաև նշել է, որ Հարավային Կորեան, «հիմնվելով այդ համաձայնության վրա, նոր ճանապարհով կգնա»:

«Մենք հետևում կթողնենք պատերազմների ու կոնֆլիկտների մութ ժամանակները և միասին կսկսենք խաղաղության ու համագործակցության նոր պատմությունը», - ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության: