Վոլգոգրադում 11 մարդու կյանք խլած վթարի ժամանակ կործանված կատամարանի տերը հարբած է եղել
Վոլգա գետում բեռնանավին բախված կատամարանի սեփականատերը հարբած է եղել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Նախնական տվյալներով՝ ջրային ուղևորատար տրանսպորտի տիրոջ գործողություններն են հանգեցրել ողբերգության, քանի որ հենց նա է վարելիս եղել այն»,- հավելել է Պետրենկոն:
Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ կատամարանի սեփականատերն ամբողջովին անտեսել էր զբոսանավի անձնակազմի արձակած լուսային և ձայնային ազդանշանները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատամարանն ուղևորների տեղափոխման համար արտոնագիր չի ունեցել, ինչպես նաև զբոսանավում փրկարարական բաճկոններ չեն եղել:
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Վոլգոգրադի մոտակա Գոլոդնի կղզու հարևանությամբ, որտեղ բախվել են կատամարանն ու բեռնանավը:
12 տեղանի կատամարանում 16 մարդ է գտնվել: Բախման հետևանքով մարդիկ հայտնվել են ջրում: Նրանցից 11-ը զոհվել են:
Քննչական կոմիտեն գործ է հարուցել «ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետևանքով 2 և ավելի մարդու մահվան» մասին հոդվածով:










