Ալիևը ժամանել է Թուրքիա՝ TANAP գազամուղի բացման արարողությանը մասնակցելու նպատակով

15:14 • 12.06.18

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիայի Էսքիշեհիր քաղաք՝ Անդրանատոլիական գազամուղի (TANAP) բացման արարողությանը մասնակցելու նպատակով, այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az կայքը։

Հայտնի է, որ գաղամուղի բացման արարողությանը մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և մի շարք նախարարներ։

Եվրոպա գազի մատակարարումների ռուսական երթուղիներին այլընտրանք հանդիսացող TANAP գազամուղը՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ, ձգվելու է Վրաստան-Թուրքիա սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահման: TANAP-ն Անդրադրիատիկ գազամուղի հետ միասին (TAP) «Հարավային գազային միջանցք» նախագծի մաս է կազմում:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է Կասպից ծովից Վրաստանով և Թուրքիայով Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում: