Fox News-ի հաղորդավարը ներողություն է խնդրել Թրամփին «բռնապետ» անվանելու համար
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Էբի Հանթսմանը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին սխալմամբ «բռնապետ» անվանելու համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, միջադեպը տեղի է ունեցել Թրամփի և հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական հանդիպման վերաբերյալ քննարկման ժամանակ:
Հաղորդավարը պատահաբար նշել է, որ Սինգապուրում տեղի է ունենալու «երկու բռնապետերի» հանդիպումը:
«Ներողություն եմ խնդրում հաղորդման ժամանակ թույլ տված լեզվի սայթաքման համար: Ես կատարյալ մարդ չեմ ու թույլ եմ տալիս վրիպումներ: Եկեք առաջ շարժվենք ու կենտրոնանանք ավելի կարևոր բաների վրա»,-ասել է Հանթսմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էբի Հանթսմանը Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանի դուստրն է:










