Իսրայելի ոստիկանությունը Նեթանյահուի հերթական հարցաքննությունն է իրականացրել
Իսրայելի ոստիկանության քննիչները երեքշաբթի ժամանել են Իսրայելի վարչապետի նստավայր և Բինյամին Նեթանյահուի հերթական հարցաքննությունն իրականացրել «գործ 4000» կոչվող գործով: Այդ մասին հայտնում է Haaretz-ը:
Սա արդեն 2018 թվականի ընթացքում Նեթանյահուի երրորդ հարցաքննությունն է:
Նա կասկածվում է «Բեզեք Թելեքոմ» ընկերությանն արտոնություններ տալու համար՝ ընկերության սեփականատիրոջ հսկողության տակ գտնվող լրատվական կայքում դրական լուսաբանման դիմաց:
Փետրվարին Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ 14 ամիս տևած հետաքննությունից հետո հիմքեր է գտել անմիջապես երկու գործով երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին կոռուպցիայի և վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն որպես կասկածյալ է ներգրավված նաև «գործ 1000» և «գործ 2000» կոչվող երկու գործի շրջանակում:
Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից ավելի քան 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը:
Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները:










