Իսրայելցիները Եվրոպայում նոր զրահամեքենաներ են ցուցադրել (լուսանկարներ, տեսանյութ)
Փարիզում հունիսի 11-ին բացված ռազմական տեխնիկայի Eurosatory ցուցահանդեսում ներկայացվել է իսրայելական Plasan ընկերության արտադրության երկու նոր զրահամեքենա, գրում է vesty.co.il–ը:
Առաջինը՝ Hyrax-ը, ստեղծվել է Mercedes-Benz Gelandewagen–ի հիմքի վրա: Դրա ստեղծմանն իսրայելցի մասնագետների հետ մասնակցել են ամերիկյան կորպորացիաների՝ Lockheed-Martin-ի, Oshkosh-ի, AM Genera-ի և Navistar-ի ներկայացուցիչները: Այն մեծ արագություն է զարգացնում՝ ապահովելով փոքր խմբերի արագ տեղաշարժն անհարթ տեղանքով և խիտ կառուցապատմամբ տարածքներում:
SandCat M-LPV-ը 2005 թվականից Իսրայելի սահմանապահ ծառայության զինանոցում գտնվող զրահապատ մեքենայի նոր տարբերակն է: Այն արտահանվում է 16 երկիր, օգտագործվում է ինչպես զինվորական, այնպես էլ ոստիկանական ստորաբաժանումներում: Մեքենայի նոր սերունդը պահպանել է բնորոշ արտաքին տեսքը, իսկ նախորդ մոդելներից տարբերվում է հակաականային զրահապատությամբ: Բարելավված պաշտպանությունը մեծացնում է ռազմատրանսպորտային տեխնիկայի շուկայում մեքենայի մրցունակությունը:
Նոր SandCat-ը կարող է իրականացնել տարբեր գործառույթներ՝ պարեկություն անել տեղանքում, իրականացնել հետախուզական գործողություններ, վիրավորներին դուրս հանել մարտի դաշտից և ծառայել շարժական հրամանատարական կետերին:















