«Լիդիան Արմենիան» ընդդեմ Հայաստանի դատական հայց չի ներկայացրել
Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Հայաստանին՝ 2 մլրդ-ի հայց ներկայացնելով Լոնդոնի արբիտրաժային դատարան, այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ընկերության կենտրոնական գրասենյակի աշխատակիցը:
««Ժամանակն» օրաթերթում տպագրված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ընկերությունը դատարան չի դիմել»,-հայտնեց աշխատակիցը:
Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որ եթե պետության կողմից քայլեր եղան, որի հետևանքով ընկերությունն իր շահույթը չի ստանում, պետությունն իրենց մոտ 2 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պետք է տա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը, ով մոտ 15 օր առաջ մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է մեզ դրա մասին ասել: Ես այդ պայմանագիրը չեմ կարդացել, ասել եմ, որ անպայման մեզ էլ տրամադրեն, մենք էլ կարդանք, որովհետև առաջին անգամ եմ ես այդ պայմանագրի մասին լսում: Այսինքն՝ մենք լուրջ ֆինանսական կորուստներ ենք ունենալու՝ մեր պետության բյուջեի չափով մոտավորապես: «Լիդիանը» հենց դա է ուզում՝ պետությունից փող պոկել՝ առանց երկար տարիների գործունեություն ծավալելու: Դրա համար մենք պետք է մի քիչ զգույշ լինենք, այլ ձև մտածենք, որ կարողանանք «Լիդիանին» օրենքով մեր երկրից հանել»,- նշել էր Ահարոն Արսենյանը:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հանդիպումներ է ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի գործարկման դեմ բողոքող քաղաքացիների հետ: Ըստ փոխվարչապետի՝ կա փոխըմբռնում, և հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:










