Մալայզիան կվերաբացի իր դեսպանատունը Փհենյանում

21:48 • 12.06.18

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որ երկրի դեսպանությունը Հյուսիսային Կորեայում կվերսկսի իր գործունեությունը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ընդգծելով, որ երկու երկրի միջև հարաբերությունները սրվել են, երբ 2017-ի փետրվարին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանվել էր ԿԺԴՀ քաղաքացին, որը, հարավկորեական հատուկ ծառայությունների տվյալներով, հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չեն Նամն էր: Հարավային Կորեան սպանության համար մեղավոր էր համարում Փհենյանին: Դիվանագիտական սկանդալի ֆոնին մալայզիական դեսպանատան գործունեությունը Հս. Կորեայում դադարեցվել էր:

«Այո, մենք կբացենք դեսպանատունը», - հայտարարել է մալայզիացի վարչապետը Nikkei Asian Review պարբերականին տված հարցազրույցում:

Դիվանագիտական առաքելության աշխատանքի վերականգնման մասին հարցը ծագել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի անցկացման ֆոնին: Մալայզիայի վարչապետն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեային պետք է ներգրավել միջազգային բանակցություններում, որը կմեղմացնի երկրի հանդեպ առկա կոշտ դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սինգապուրում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի երկար սպասված հանդիպումը, որի շրջանակներում կողմերը փաստաթուղթ են ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և մի շարք այլ հարցերի մասին: