Ավստրալիայում 221 տարվա հնության խմորիչով գարեջուր են պատրաստել
Ավստրալիայում գարեջրագործները «վերակենդանացրել» են խմորիչը գարեջրի շշերից, որոնք հայտնաբերվել են 1797 թվականին կործանված նավում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 1797 թվականին Թասմանիայից դուրս եկած նավը կործանվել է Սիդնեյի խորշում ու մոտ երկու դար մնացել ջրի տակ:
1977 թվականին նավը հայտնաբերել են. ներսում հայտնաբերված գարեջրի շշերը վեր են բարձրացվել և ցուցադրվել Վիկտորիա թագուհու թանգարանում:
Վերջերս ցուցահանդեսի կուրատորներից մեկը, որը նաև սիրողական գարեջրագործ է, որոշել է, որ գարեջուրը կարելի է «վերակենդանացնել»: Գարեջուրն ուղարկվել է Ավստրալիայի գինու գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ մասնագետներին հաջողվել է խմորիչների 30 տարբեր շտամներ առանձնացնել, որոնցից մեկը կենսունակ է եղել:
Նշվում է, որ գարեջրագործների փորձարկումների արդյունքում ստեղծվել է The Wreck կոչվող մուգ գարեջուրը, որն առանձնանում է թեթև հողային ու ծաղկային նոտաներով:
Այս գարեջուրը կարելի է փորձել Սիդնեյի խորշի ափին գտնվող բարում:










