Բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն արտասվել է CNN-ի ուղիղ եթերում` պատմելով Կիմ Չեն Ընի հետ ընկերություն անելու համար ստացած մահվան սպառնալիքների մասին (տեսանյութ)
Սինգապուրում գտնվող NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է CNN-ի ուղիղ եթերում, երբ պատմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայացած պատմական հանդիպման մասին, գրում է Daily Mail-ը։
«Սա իսկապես պատմական օր է, և ես այստեղ եմ ու ականատես եմ լինում դրան: Այնքան երջանիկ եմ»,-հայտարարել է մարզիկը:
Նա պատմել է, որ նախագահ Թրամփը շատ է հպարտանում իրենով, պատմական հանդիպման նախապատրաստական աշխատանքում ունեցած դերակատարմամբ:
«Երբ առաջին անգամ մեկնեցի Հյուսիսային Կորեա, ինձ շատ հարգված զգացի: Սկզբում իրավիճակը չէի հասկանում, բայց երբ հանդիպեցի Կիմ Չեն Ընին ու ճանաչեցի նրանց մշակույթը, ինձ զգացի՝ ինչպես տանը»,-ասել է Ռոդմանը:

Այնուհետև նա քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային`Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ժամանակին իր առաջարկած օգնությունը մերժելու համար:
Ռոդմանը սկսել է արտասվել՝ պատմելով, որ անգամ մահվան սպառնալիքներ է ստացել Կիմ Չեն Ընի հետ ընկերություն անելու ու հաճախակի նրա երկրում հյուրընկալվելու համար:
«Ես ստիպված էի թաքնվել, նույնիսկ տուն չէի կարողանում գնալ: Բոլորն իմ դեմ էին, բայց ես դիմացա, ու հիմա այստեղ եմ»,-ասել է բասկետբոլիստը:

Նա նաև պատմել է, որ շատ է սիրում Կիմ Չեն Ընին, Հյուսիսային Կորեան ու կորեացի ժողովրդին:
«Նա լավ մարդ է, ուզում է ազատ ապրել, ճանապարհորդել աշխարհով մեկ, այցելել Միացյալ Նահանգներ: Նա ուզում է, որ իր ժողովուրդը ևս լավ ապրի ու հաճույք ստանա կյանքից»,-հավելել է Ռոդմանը:
Հիշեցնենք, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ:

«Մենք ստորագրում ենք շատ կարևոր, մանրակրկիտ փաստաթուղթ»,- ասել է ԱՄՆ նախագահն արարողության ժամանակ:
Կիմ Չեն Ընն, իր հերթին, փաստաթղթի ստորագրումն անվանել է երկու երկրների միջև հարաբերություններում «նոր մեկնարկ» և «մեծ փոփոխություններ» է խոստացել ապագայում:
«Այս պատմական փաստաթղթի ստորագրումն ազդարարում է նոր մեկնարկի մասին: Մենք կտեսնենք մեծ փոփոխություններ»,- ասել է Կիմ Չեն Ընը փաստաթղթի ստորագրման արարողությանը:
Փաստաթղթի բովանդակությունը դեռևս հայտնի չէ:










