Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդատուն «քրտնաջան աշխատելու պատճառով» սրտի կաթված է ստացել

14:15 • 12.06.18

Սպիտակ տան գլխավոր տնտեսական խորհրդատու Լարի Քուդլոուն երկուշաբթի երեկոյան սրտի կաթված է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ABC News-ը:

«Մեր Լարի Քուդլոուն, որն այդքան քրտնաջան աշխատում էր տնտեսական և առևտրի հարցերի շուրջ, սրտի կաթված է ստացել»,- գրել է Թրամփը:

Այդ մասին Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպման մեկնարկից մոտ կես ժամ առաջ:

Քուդլոուի ընկերը՝ տնտեսագետ Սթիվեն Մուրը, ABC News-ին հայտնել է, որ նա կազդուրվում է և շուտով կվերադառնա աշխատանքի:

70-ամյա Քուդլոուն կիրակի հայտնվել էր լրատվամիջոցների գլխագրերում՝ G7 գագաթնաժողովից հետո արած մեկնաբանության համար, երբ հայտարարել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դավաճանել է ԱՄՆ-ին և «մեջքից հարված հասցրել իրենց»: