Հս. Կորեայի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցներն առայժմ կմնան ուժի մեջ, սակայն հետագայում կարող են չեղարկվել. Թրամփ

14:46 • 12.06.18

Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցներն առայժմ կմնան ուժի մեջ, սակայն հետագայում կարող են չեղարկվել։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հս․ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, գրում է ТАСС գործակալությունը։

«Որոշ ժամանակ պատժամիջոցները կմնան ուժի մեջ։ Մենք երազում ենք ապագայի մասին, որում բոլոր կորեացիները կապրեն միասին ու ներդաշնակ, և նրանց հույսերը կվերածնվեն», - ասել է Թրամփը։

Նա նաև ակնարկել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է պահում» Հս․ Կորեայի նկատմամբ «300 նոր պատժամիջոց»։

«Ժամանակի սղությունը թույլ չտվեց մեզ վերջնական փաստաթղթում ներառել մանրամասներ՝ կապված Հս․Կորեայի ապամիջուկայնացման քայլերի հետ, բայց դրանք կան»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ պատժամիջոցները վերջնականապես կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ իրենք համոզված լինեն, որ միջուկային զենք այլևս գոյություն չունի։

ԱՄՆ նախագահը նաև խոստացել է դադարեցնել Կորեական թերակղզում Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները։ Նա ընդգծել է, որ թեև Հրվ․ Կորեան հոգում է այդ զորավարժությունների ծախսերի մի մասը, սակայն դա բավարար չէ, և այդ ամենը միլիարդավոր դոլարների ծախս է ԱՄՆ-ի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության: