ՀՀ տնտեսական աճը շուրջ 2 անգամ ավելին է թե՛ համաշխարահային տնտեսության, թե՛ ԵԱՏՄ երկրների աճից. նախարարն ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի կատարողականը

12:30 • 13.06.18

Ազգային Ժողովի քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց,  որ տնտեսության մակրոմիջավայրի վրա էական ազդեցություն է ունեցել պղնձի համաշխարհային գների դինամիկան, որը որոշակի անկումից հետո աճել է՝ 2017թ-ին համեմատաբար բարձր կայուն մակարդակ ապահովելով:

Նախարարի խոսքով, չնայած առաջին հայացքից թվում է, թե նավթի համաշխարհային գները մեր տնտեսության հետ կապ չունեն, սակայն, հաշվի առնելով սերտ հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նավթի գները ՌԴ-ի համար  մեր տնտեսության համար էական նշանակություն ունեն: Նավթի գների դինամիկան ևս ունեցել է որոշակի աճ:

Նախարարը նշեց, որ եթե տնտեսական միությունների ՀՆԱ-ին ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ ՀՀ տնտեսական աճը շուրջ երկու անգամ ավելին է, թե՛ համաշխարահային տնտեսության, թե՛ ԵԱՏՄ երկրներում արձանագրված աճերի համեմատությամբ:

«Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 7.5 տոկոս»,-ասաց նա և նշեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի կանխատեսվածից ավելի բարձր լինելու հանգամանքով:

Նախարարը նշեց, որ ՌԴ-ից նշանակալի գործոն հանդիսացող տրանսֆերտների դինամիկան աճել է շուրջ 18 տոկոսով, թեև ընդհանուր առմամբ շուրջ 660 միլիոն դոլարով պակաս տրանսֆերտներ ենք ստացել:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին դրամն արժևորվել է, իսկ դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքի զարգացումները ևս շատ կարևոր են առևտրաշրջանառության տեսանկյունից: «Արտահանման 44,6 տոկոսի աճ ենք ունեցել, արձանագրվել է դրամի արժևորում»,- նշեց Ջանջուղազյանը: