«Ուշքի՛ արի, այ ուղեղի ցնցում ստացած». Թրամփը պատասխանել է իրեն հրապարակավ հայհոյած Դե Նիրոյին

11:48 • 13.06.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է օրերս իրեն հրապարակավ հայհոյած հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոյին:

«Ռոբերտ դե Նիրոն շատ ցածր IQ-ով (մտավոր կարողություններ-tert.am) մարդ է, որը ֆիլմերում գլխին բազմաթիվ հարվածներ է ստացել իրական բռնցքամարտիկներից: Ես դիտել եմ նրա ելույթն ու իսկապես հավատացած եմ, որ նա ուղեղի ցնցում ունի, քանի որ չի գիտակցում, որ տնտեսությունը երբևէ եղած լավագույն վիճակում է, զբաղվածությունը բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակի վրա է, ու բազմաթիվ ընկերություններ խմբերով վերադառնում են երկիր: Ուշքի՛ արի, այ գլխին տված»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ դե Նիրոն ամենամյա Tony թատերական մրցանակաբաշխության ժամանակ ելույթ էր ունեցել բեմից՝ իր խոսքում երկու անգամ հայհոյելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Հայտնի է, որ Դե Նիրոն Թրամփի ամենամոլի քննադատներից է: Վերջերս նա հայտարարել էր, որ կարգելի ԱՄՆ նախագահին մուտք գործել իրեն պատկանող ռեստորանների ցանց: Իսկ նախքան Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը, դերասանը հայտարարել էր, որ հանրապետականի հաղթանակի դեպքում կլքի ԱՄՆ-ն ու Իտալիա կտեղափոխվի:

Դե Նիրոն համոզված է, որ 71-ամյա հանրապետականը մի քանի տարով հետ է գցել Միացյալ Նահանգներն ու ոտնահարում է ժողովրդավարական արժեքները: