Փենսը, ի հակառակ Թրամփի, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի որոշ զորավարժություններ կշարունակվեն. Politico

13:11 • 13.06.18

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի որոշ զորավարժություններ կշարունակվեն` երկրների համատեղ զորավարժությունների դադարեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: Այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով սենատոր Քորի Գարդներին:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թրամփի հայտարարությունը Հանրապետական կուսակցությունում շփոթմունք է առաջացրել, և Փենսը փորձել է «հանգստացնել» կուսակցության անդամներին: Սենատոր Քորի Գարդները նշել է, որ Փենսը հայտնել է այն մասին, որ «վարչակազմը կշարունակի պարզել, թե ինչի մասին է ասել նախագահը» և որ «Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կշարունակվեն»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Հարավային Կորեայի հետ զորավարժություններն՝ այն ընթացքում, երբ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն ընթանան ճիշտ ուղղությամբ:

Իր հերթին, Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականները դեռ ոչ մի հրահանգ չեն ստացել Հարավային Կորեայում զորավարժությունների դադարեցման մասին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ ոչ մի քննարկում չի ունեցել ԱՄՆ-ից գործընկերների հետ համատեղ զորավարժությունների դադարեցման վերաբերյալ և փորձում է դիվանագիտական օղակներով ճշտել, թե «կոնկրետ ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը», երբ խոսել է զորավարժությունների դադարեցման մասին: