Հս. Մակեդոնիայի Հանրապետություն. Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնության են եկել նախկին հարավսլավական երկրի անվանափոխության հարցում
Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնության են եկել նախկին հարավսլավական երկրի անվանափոխության հարցում, այս մասին գրում է ABC-ն։
Մակեդոնիայի անվան շուրջ վեճը երկու երկրների միջև առկա էր երկրի՝ Հարավսլավիայից անկախանալուց ի վեր։ Մակեդոնիա անվանումը Հունաստանը չի ընդունել, քանի որ այստեղ կա նույն անվամբ նահանգ, որի հանդեպ պետությունը կարող էր հավակնություններ ունենալ։
Հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները՝ Ալեքսիս Ցիպրասն ու Զորան Զաևը։ Հայտնի է, որ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Երկրի ազգային լեզուն կլինի մակեդոներենը, իսկ քաղաքացիները կլինեն մակեդոնացի։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը հրաժարվել են Վերին Մակեդոնիա և Նոր Մակեդոնիա անվանումներից։
Երկրի նոր անվանումը կկիրառվի թե՛ միջազգային, թե՛ երկկողմ մակարդակներում, այնպես որ դրան ստիպված կլինեն սովորել բոլոր մյուս պետությունները նույնպես։ Ըստ պայմանավորվածության՝ թույլատրելի է կիրառել անվանման թե՛ անգելերեն, թե՛ սլավոնական տարբերակները։
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից, ինչից հետո Սկոպյեն իրավունք կստանա Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնորդ դառնալու։ Մինչ այդ, ԵՄ-ի հետ բանակցությունները խոչընդոտվում էին Հունաստանի կողմից։










