Թրամփը Կիմ Չեն Ընին «շատ-շատ խելացի, զվարճալի ու հրաշալի տղա» է անվանել

09:42 • 13.06.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «անմիջապես ընդհանուր լեզու է գտել» հյուսիսկորեացի գործընկերոջ հետ:

«Մենք ընդհանուր լեզու գտանք հենց ամենասկզբից: Մենք սկսեցինք խոսել երկիրն ապամիջուկայնացնելու մասին, և նա դա հասկացավ, ու այդ առնչությամբ չհակաճառեց»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Այնուհետև Թրամփը նշել է, որ Կիմ Չեն Ընն «ուժեղ տղա է»:

«Մարդիկ հարցնում են՝ ինչպիսի՞ մարդ է նա: Նա շատ լավ բնավորություն ունի, զվարճալի է ու շատ-շատ խելացի, հրաշալի բանակցորդ է: Նա ռազմավարական խառնվածքի տեր տղա է»,-հավելել է ամերիկացի առաջնորդը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չի հրաժարվում ավելի վաղ Կիմ Չեն Ընի հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններից, քանի որ առանց դրանց տեղի չէին ունենա Փհենյանի հետ պատմական հանդիպումները:

«Կարծում եմ՝ առանց այդ հռետորաբանության՝ մենք այստեղ չէինք հայտնվի: Ես չկամությամբ էի դա անում, բայց այլընտրանք չունեի»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:

Հատկանշական է, որ համաձայնագրում բացակայում է միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու ու  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ոչնչացնելու մասին պահանջը: